Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն այսօր պաշտոնական հայտ է ներկայացրել Աֆղանստանից վրացի խաղաղապահների դուրս բերման վերաբերյալ: Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ համաձայն ԿԸՀ ներկայացրած դիմումի՝ Լեյբորիստական կուսակցությունն առաջարկում է հոկտեմբերին Վրաստանի նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացնել Աֆղանստանից վրացական զորքերի դուրս բերման վերաբերյալ հանրաքվե:
Լեյբորիստները համարում են, որ եթե իշխանությունները չեն պատրաստվում լուծել այդ խնդիրը, ապա դա պետք է անի Վրաստանի ժողովուրդը՝ հանրաքվեի օգնությամբ:
Վերջին օրերի ընթացքում մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ ևս բարձրացրել են Աֆղանստանից խաղաղապահների դուրս բերման հարցը:
Դրա հետ մեկտեղ Վրաստանի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ երկիրը շարունակելու է արժանապատիվ ներդրում ունենալ միջազգային կայունության և անվտանգության գործում: Դա նշանակում է, որ Վրաստանը կշարունակի աջակցել միջազգային ուժերին՝ Աֆղանստանում խաղաղության աջակցության համար:










































