Airbus ավիաշինական ընկերությունը ներկայացրել է «խելացի» ճամպրուկի նախատիպ, որը ճանապարհորդներին թույլ կտա ցանկացած ժամանակ իմանալ, թե որտեղ է գտնվում ուղեբեռը: Սովորական ճամպրուկից Bag2Go-ն տարբերվում է RFID չիպի առկայությամբ, որը հեշտացնում է գրանցման և օդանավակայանում ուղեբեռի ստացման ընթացակարգը: Այս մասին հայտնում է Australian Business Traveller-ը:
Բացի այդ, Bag2Go-ում ներկառուցված են թվային կշեռքներ, որոնք կարող են հուշել՝ բեռի կշիռը չի՞ գերազանցել արդյոք թույլատրելի նորման, իսկ հատուկ ցուցիչը բեռի տիրոջը կհուշի ուղեբեռը բացվելիս: Ճամպրուկի գտնվելու վայրը որոշվում է GPS-ընդունիչի և 2G ցանցերի ներսում աշխատանքի համար նախատեսված մոդուլի միջոցով:
Այս ողջ տեղեկատվությունը ավտոմատ ռեժիմով փոխանցվում է iPhone-ի ծրագրին: Ենթադրվում է, որ «խելացի» ճամպրուկների արժեքը 20 տոկոսով կգերազանցի սովորական ճամպրուկների արժեքը: Այն հնարավոր կլինի նաև թռիչքի ժամանակ վարձակալել ավիաընկերությունից:








































