Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և ԱԷՄԳ միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ունեն ընդլայնման և խորացման ուղղվածություն:
Կարևորելով իր առաջին այցը Հայաստան` Ալեքսանդր Բիչկովը նշել է, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ: Նա կարևորել է, որ Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան և Հայաստանի օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:
Իր հերթին փոխնախարար Հովակիմյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման և հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից:
ԱԳ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության և հայ մասնագետների շարունակական վերապատրաստման ընձեռված հնարավորությունների համար:










































