Սյունիքը աշխարհագրական մեր հայրենիքի ողնաշարն է՝ հայտարարում էր Նժդեհը վերջերս էկրան բարձրացած հայտնի ֆիլմում, որը Հանրապետական կուսակցությունը դարձրել էր իր նախընտրական թաքնված գովազդներից մեկն ու դրա վրա 7 միլիոն դոլար ծախսել՝ այն դեպքում, երբ այդ 7 միլիոն դոլարը կարող էր ուղղվել հենց աշխարհագրական հայրենիքի ողնաշարի զարգացմանը: Եվ միգուցե ճակատագրի հեգնանք էր, որ դժբախտ, ողբերգական, հանցավոր միջադեպը հիշեցրեց, որ ֆիլմից դուրս իրականությունը ոչ մի կապ չունի այն պաթոսի հետ, որ արտաբերվում են հնչեղ անուններով և դեմքի խրոխտ արտահայտությամբ:
Իրականում եթե իշխող կուսակցության և նրա լիդերների մոտ իրապես կա այն գիտակցումը, որ Սյունիքը աշխարհագրական մեր հայրենիքի ողնաշարն է, եթե նրանք մի քիչ համաձայն են իրենց, այսպես ասած, գաղափարական հայր Նժդեհի այդ մոտեցումների հետ՝ թեև Նժդեհը միգուցե վիրավորվեր ժամանակակից ՀՀԿ-ի գաղափարական հայր համարվելու փաստից, ապա Լիսկան չէր կարող Սյունիքի մարզպետ լինել կամ մնալ գեթ մեկ օր, եթե անգամ չէր վնասել ոչ մի ճանճի: Եվ չէր կարող անգամ մեկ վայրկյան մնալ, եթե նրա և հարազատների ուսերին կային տասնյակ բռնություններ, տարատեսակ հանցագործություններ, սպանություններ, թալան և այլն:
Այն, որ Լիսկան տարիներ շարունակ պաշտոնավարել է Սյունիքում՝ չնայած այս ամենին, վկայում է, որ ՀՀԿ-ի և նրա լիդերների համար Սյունիքը եղել է ոչ թե աշխարհագրական մեր հայրենիքի ողնաշարը, այլ եղել է կույրաղիքը: Հակառակ դեպքում Սյունիքի հանդեպ վերաբերմունքը չէր լինի ավելորդությանը համարժեք, երբ կարևորագույն մի շրջանի կառավարում հանձնվում է Լիսկայի նման անկանխատեսելի, անկառավարելի, մարդասիրական և ռազմավարական արժեքներից բացարձակապես հեռու մի անձնավորության, որը տարիների ընթացքում հպարտ սյունեցիներին վերածում է նվաստացած հպատակների, որոնք վախենում են անգամ բարձրաձայնել իրավիճակի մասին իրենց դժգոհությունները, ուր մնաց՝ պայքարի դուրս գան դրա դեմ:
Այնպես որ՝ այս իրավիճակը լավագույնս ցույց տվեց, թե որքան կեղծ է իշխանությունների այն պաթոսը, որով նրանք դիտում էին Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի պրեմիերան: Նրանք այդ ֆիլմը դիտարկում էին իբրև իրենց քարոզչական գործիք, ինչի պատճառով էլ կարևորագույն այդ թեման վերածվել էր գրեթե մի նախընտրական պաստառի արժեք ներկայացնող աշխատանքի: Սակայն խնդիրը ֆիլմը չէ: Թող դրա մասին 7 միլիոն դոլար վճարողները մտածեն: Խնդիրը Սյունիքն է, այն, թե ինչպիսին է լինելու այս շրջանի ապագան առանց Լիսկայի: Սյունիքը ի վերջո փոխվելո՞ւ է, թե՞ Լիսկայի կարգավիճակն է փոխվելու, սակայն ազդեցությունը մնալու է նույնը: Հպարտ սյունեցու կերպարը վերագտնվելո՞ւ է, վերականգնվելո՞ւ է, թե՞ Սյունիքում ընդամենը իշխողներն են փոխվելու, իսկ իշխանության տրամաբանությունը մնալու է նույնը, և մեր աշխարհագրական հայրենիքի ողնաշարը շարունակելու է ծռված մնալ:
Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնի ֆոնին այս հարցերը առավել քան հրատապ են, առավել ևս, որ կասկած չկա ՝ իշխանության միջանցքներում արդեն իսկ սկսվել է այդ պաշտոնին տիրանալու եռուզեռը, և բոլորը անկասկած սպասում են, թե ինչ է մտադիր անել Սերժ Սարգսյանը՝ նշանակել նո՞ր մարզպետ, թե՞ ընդամենը դրածո, որով կշարունակի կառավարել Լիսկան: Սակայն խնդիրը միայն նոր մարզպետն էլ չէ: Խնդիրը ընդհանրապես նոր մոտեցումն է, որպեսզի այդ մարզպետը իր մարդկային, մասնագիտական որակներով և ռազմա-քաղաքական պատկերացումներով համարժեք լինի Սյունիքի դերին ու նշանակությանը, սյունեցիներին ինքնավստահություն ներշնչի, համադրի հայրենասիրության և քաղաքացիական իրավագիտակցության հարցերը՝ մարզը նաև հանքային ագրեսիայից զերծ պահելու համար:
Սակայն այս ամենից առաջ կա ևս մի հարց՝ իսկ արդյոք այդ ամենին համարժե՞ք են այն մարդիկ, որոնք լուծելու են նոր մարզպետի հարցը:










































