Կատարի իշխանությունները մոտ ժամանակներս կսկսեն երկրի ղեկավարությունը փոխելու գործընթացը: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:
Թերթը նշում է, որ հունիսի վերջին Կատարի վարչապետ Համադ բեն Ջասեմ Ալ-Թանին կհեռանա իր պաշտոնից: Իսկ դրանից մի քանի շաբաթ հետո թագավորական դատարանը կհայտարարի այն մասին, որ Կատարի էմիրն իշխանությունը փոխանցել է 33-ամյա գահաժառանգ արքայազն Շայխ Թամիմ բին Համադ Ալ-Թանիին:
«Համաձայն ծրագրի՝ իշխանությունը կփոխանցվի փուլերով, ինչը թույլ կտա գահաժառանգին առաջին պլան դուրս գալ: Խաղադրույքները շատ բարձր են, քանի որ Կատարը գտնվում է շատ զգայուն տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների առաջին գծում»,- իրադրությանը ծանոթ աղբյուրի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Թերթը՝ հղում անելով փորձագետներին, նշում է, որ Կատարի ղեկավարությունում ցանկացած փոփոխություն կարող է փոփոխություններ մտցնել երկրի արտաքին քաղաքականությունում:
«Շնորհիվ Մեծ Բրիտանիայում ստացած կրթության և այն բանի, որ Կատարում գտնվում է ամերիկյան ավիաբազա, գահաժառանգ արքայազն Թամիմը սերտորեն կապված է արևմտյան ռազմական գերատեսչությունների հետ: Սակայն դիտորդները նշում են նրա կապերը «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման հետ՝ որպես հնարավոր ազդանշան առ այն, որ նա այնքան լիբերալ չի լինի, որքան նրա հայրը կամ ներկայիս վարչապետը»,- ընդգծում է թերթը:










































