Իսրայելը վերջին ամիսներին բախվել է Իրանի կողմից կիբեռհարձակումների արագորեն աճող թվի: Հարձակումների մեծ մասը հաջողվում է չեզոքացնել։ Այս մասին, ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նրա խոսքերով՝ օտարերկրացի ցանցահենների իրական կամ պոտենցիալ թիրախ են դարձել եվրոպական պետությունների կենսական կարևորություն ունեցող գրեթե բոլոր ենթակառուցվածքային համակարգերը՝ էներգան և ջրամատակարարումը, բանկերը և երկաթուղային տրանսպորտը:
«Վերջին ամիսներին մենք նկատում ենք Իրանի և նրա խամաճիկների՝ «Հըզբոլլահի» ու ՀԱՄԱՍ-ի կողմից կիբեռհարձակումերի թվի զգալի աճ: Դրանց նպատակը կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքաներն են, իսկ հարձակումների թվաքանակն ու հզորությունը կմեծանան տեխնոլոգիական առաջընթացին զուգընթաց»,- ասել է վարչապետը համակարգչային անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ:
Նա վստահեցրել է, որ Իսրայելը կարող է արդյունավետորեն դիմակայել նման սպառնալիքներին: «Մենք հանդիսանում ենք կիբեռտեխնոլոգիաների ոլորտում առաջատար պետություն»,- ասել է կառավարության ղեկավարը։
Արտասահմանյան ԶԼՄ-ները չեն բացառում, որ Իսրայելը, ստեղծելով հզոր ցանցահենային ստորաբաժանում, կիբեռտարածությունում իրականացնում է ոչ միան պաշտպանական, այլև հարձակողական պատերազմ: Նրան, մասնավորապես, կասկածում են համակարգչային վիրուսներ հեղինակելու մեջ, որոնք մի քանի տարի առաջ օգտագործվել են իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակում իրականացնելու համար։







































