ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 6-ին կայացած կառավարության նիստի ժամանակ նշել էր, որ Հայաստանը կունենա երեք ավիաուղային փոխադրող և մրցակցային դաշտ, ավիափոխադրողներն էլ կընտրվեն միայն մրցույթով:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն էլ իր հերթին նշել էր, որ «Արմավիայի» փակվելուց հետո որոշվել է անցնել ազատականացման գործընթացին:
Այս հարցին անդրադառնալով` «Հայկական ավիաուղիների» նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կա ավիացիաների 6 ազատություն, վերջինն այն է, որ տվյալ պետությունը տրամադրում է օտար ավիաընկերություններին անհատույց օգտագործել շուկան, և եթե մենք ազատականացում ասելով դա ենք հասկանում, ապա դա այնքան էլ լավ չէ Հայաստանի վարկանիշի համար․ «Այսինքն` Հայաստանն այնպիսի հետամնաց երկրների շարքին է դասվում, որ ինքը չի կարողանում սեփական ավիաընկերություն ունենալ: Իսկ եթե մենք խոսում ենք ազատ երկնքի քաղաքականության մասին՝ այսպես թե այնպես ազատ երկնքի քաղաքականացում գոյություն ունի․ ցանկացած ավիաընկերություն օտար երկրից կարող է թռչել միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի հիման վրա, դա հիմա գոյություն ունի, այսինքն` նորից այդ տերմինն օգտագործելու իմաստը չեմ հասկանում, այսպես թե այնպես` ազատ երկնքի քաղաքականություն է, մենք արգելքներ չենք դնում ինչ-որ երկրի առաջ, որ Հայաստան ուղևոր չտանեն»:
Շահեն Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա սեփական ավիաընկերություն, մանավանդ որ` ժամանակին ունեցել ենք, որն էլ շատ մեծ եկամուտով աշխատող ավիաընկերություն է եղել․ «Խոսքս «Հայկական ավիաուղիներին» է վերաբերում: Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից սկսած այն արհեստականորեն սնանկացվեց և դրանից հետո մենք տեսանք, թե ավիափոխադրումների ոլորտում ինչ է տեղի ունենում: Ես կարդացել եմ կառավարության հայեցակարգի ընդունումը, այդ հայեցակարգի ընդունումը, ճիշտ է, ուշացած է, բայց պարտադիր պետք է, որ այդպիսի բան անեին, բայց դրա հետ մեկտեղ, կառավարությունը մի քայլ չարեց, այնինչ պարտավոր էր աուդիտ անել, թե ինչու է այսպիսի վիճակում հայտնվել «Արմավիան»՝ ինչն է պատճառը և ով է մեղավորը, դա պետք է պարտադիր արվեր»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ Հայաստանն ի վիճակի է ավիաընկերություն ստեղծել, ուղղակի պետք է նորմալ մոտեցում ցուցաբերել դրան․ «Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է շատ թեթև ավիաընկերություն ստեղծել, որի սպասարկումը կլինի բավականին էժան: Օդի հարկը պետք է վերացնել ընդհանրապես, այդ գումարները բազմիցս յուրացվել և բյուջե չեն մտել, օդանավակայանի սպասարկման գները պետք է նվազեցնել, խոշոր օդանավակայաններում անգամ այդպիսի գներ չկան»:
Մեր այն հարցին, թե իր կարծիքով` ինչո՞ւ կառավարությունը չգնաց «Արմավիայի» առողջացման ծրագրին ընդառաջ, հնարավո՞ր է իր վերը նշած ազատականացումը ստեղծելու պատճառով, Շ․ Պետրոսյանն ասաց․ «Ճիշտ արեց, որ չգնաց, որովհետև այն պարտքերը, որն «Արմավիան» է ներկայացնում` իրականում շատ ավելի մեծ պարտքեր են, առողջացման համար սկզբում պետք է աուդիտ արվի, թե ինչու է այդպիսի բան տեղի ունեցել, այստեղ կարող է նույնիսկ քրեական գործ լինել, իսկ ամենավատն այն է, որ 2006 թվականին Սոչիում մեր օդանավը վթարի ենթարկվեց, զոհեր եղան՝ քննություն չարվեց, դրանից հետո «Արմավիայի» վարկանիշն իրոք բավականին ցածր էր, մարդիկ խուսափում էին այդ օդանավերը նստել, նրա վարկանիշն էլ, բնականաբար, ընկավ»:
Շահեն Պետրոսյանի գնահատմամբ՝ մեր կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի նոր ավիաընկերություն ստեղծելուն, և նոր ազատականացնելու մասին մտածի․ «Ես ինքս ազատական մարդ եմ, այո՛, պետք է մրցակցություն լինի այդ ոլորտում, բայց շատ շտապ պետք է ստեղծվի առաջնահերթ ավիաընկերություն, հետո նոր մտածենք, թե ոնց պետք է ազատականացնենք, կառավարությունն ինքը պետք է մտածի, ձեռնամուխ լինի, ստեղծի, նախաձեռնող լինի: Այնտեղ վտանգներ, այո՛, կան. ասում են՝ մենք ստեղծենք, մենք էլ պետք է ձեռնամուխ լինենք այդ ամեն ինչին, պետք է համակարգ ունենալ, որ վերահսկողությունը ստեղծի: Թող մասնավորը ստեղծեն, և ես կարծում եմ, որ բազմաթիվ մարդիկ բաժնետոմսերը կգնեն, եթե տեսնեն, որ նորմալ աշխատող ընկերություն է, դա էլ կլինի հենց ներդրումը»:
Ի դեպ, մեր զրուցակցի հաշվարկով՝ պետք է ընդամենը 50 միլիոն դոլար, որպեսզի ավիաընկերություն կարողանանք ստեղծել․ «3-4 օդանավ կունենա՝ 10-12 հոգանոց անձնակազմով: Կարելի է շատ հոյակապ ավիաընկերություն հիմնել, մրցակից լինել, որ այս օրը չընկնենք: «Արմավիան» վերացրեց իր թռիչքները՝ մենք կոլապսի առաջ կանգնեցինք, բայց ասեմ՝ նույն բանն էլ տեղի է ունեցել Ուկրաինայում, ավիաընկերություններից մեկը սնանկացավ՝ մյուս ավիաընկերություններն այդ չվերթները վերցրեցին իրենց վրա, այս սկզբունքից ելնելով՝ գոնե երկու հատ պետք է լինի նաև Հայաստանում»:







































