Ավստրիան պատրաստ է ՄԱԿ-ին ընդառաջ գնալ և դանդաղեցնել Գոլանի բարձունքներից իր զինվորների դուրս բերումը: Այդ մասին հայտարարել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Միխայել Շպինդելեգգերը:
«Եթե դրա համար վեց շաբաթ է հարկավոր, ապա շատ լավ է»,- ասել է նա, ընդգծելով, որ Ավստրիան գիտակցում է ՄԱԿ-ի՝ սիրիա-իսրայելական սահմանի հսկողության գործընկերներին դիտորդական դիրքերի և ռազմական ունեցվածքի փոխանցման պատասխանատվությունը:
Հունիսի 6-ին, հայտարարելով առաքելությունը լքելու որոշման մասին, ավստրիական իշխանությունները պլանավորել էին գործընթացն ավարտել 2-4 շաբաթվա ընթացքում, իսկ առաջին զինվորները պետք է վերադառնային տուն արդեն հունիսի 11-12-ը: Ավստրիացի խաղաղապահներին ռուսաստանցիներով փոխարինելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն ՄԱԿ-ը մերժել է Ռուսաստանի առաջարկությունը, քանի որ 1974 թ. Իսրայելի և Սիրիայի միջև կնքված համաձայնագիրն արգելում է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներին մասնակցել իրենց համատեղ սահմանի հսկողության գործընթացին:











































