Քննական շրջանը լի է սթրեսածին երևույթներով, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բուհ ընդունվելուն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանն ասաց, որ սթրեսը անհատական ապրումի առանձնահատկություններ ունի, յուրաքանչյուր մարդ յուրովի է այն տանում. «Մի դեպքում երեխան շատ պատրաստված է, բայց քանի որ ամեն ինչ շատ խորն է ապրում, կարող է սթրեսի մեջ ընկնել: Մյուս կողմից՝ երեխան հնարավոր է, որ պատրաստ չէ քննությանը և դրանից է սկսում սթրես ապրել»:
Հոգեբանն ասաց, որ քննութունն ինքնին սթրեսածին երևույթ է: Քննությանը բնորոշ է տագնապային վիճակը, մեծ է լարումը, և աշակերտների համար քննություններին սպասելն ավելի սթրեսածին է, քանի ինքը՝ քննությունը:
Հաճախ աշակերտների շրջանում սթրես առաջանում է նաև քննությունից հետո, երբ նրանց չի բավարարում ստացած գնահատականը: Այս դեպքում շատ կարևոր է ծնողի վերաբերմունքը երեխայի նկատմամբ. «Կախված երեխայի անհատականությունից՝ ծնողը պետք է կողմնորոշվի՝ ինչպես վարվել երեխայի հետ: Չի կարելի թերագնահատել քննությունը, սակայն ասել, որ դա կյանքի ու մահու պայքար է, ճիշտ մոտեցում չէ: Ծնողը պետք է իմանա իր երեխայի անհատականությունը, որպեսզի նոր սթրեսներ չառաջացնի»:
Հոգեբանը դիմորդներին խորհուրդ տվեց սթրեսը և ավելորդ լարվածությունը նվազեցնելու և ուշադրությունը վերակենտրոնացնելու համար պարապելու ընթացքը ընդմիջել սիրած զբաղմունքով, աչքերը հանգստացնելու վարժություններ անել, մաքուր օդում զբոսնել:










































