Փարիզում 4 հազար մարդ է մասնակցել երթին՝ ի հիշատակ Ձախ կուսակցության ակտիվիստ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ուսանող Կլեման Մերիկի: Ուսանողը զոհվել էր աջ ծայրահեղական ուժերի մի խումբ կողմնակիցների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երիտասարդները երթը սկսել էին Փարիզի 11-րդ շրջանից և ավարտել 20-րդ շրջանում: Երթի ընթացքում մասնակիցները հնչեցրել են հակաֆաշիստական կարգախոսներ:
Ի հիշատակ ուսանողի՝ ևս մեկ երթ էլ Թուլուզում է անցկացվել: Այդ երթին մասնակցել է 800-1500 մարդ:
Հիշեցնենք, որ 19-ամյա Կլեմանի վրա հարձակումն իրականացվել էր չորեքշաբթի երեկոյան՝ Փարիզի Սեն Լազար կայարանի շրջանում: Երիտասարդների խումբը, որը կապեր ունի «Երիտասարդ հեղափոխական ազգայնականներ» միավորման հետ, խանութից դուրս գալիս հարված էր հասցրել նրա գլխին: Կլեմանը կոմայի մեջ էր ընկել, այնուհետև մահացել:
Նրա վրա հարձակում իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է 19-32 տարեկան 5 մարդ:









































