Բրիտանական խորհրդարանի պատգամավորները հատուկ ծառայություններից և կառավարությունից պահանջում են հաշվետվություն ներկայացնել ամերիկյան «Պրիզմա» ծրագրում իրենց մասնակցության վերաբերյալ, որը թույլ է տալիս կապ հաստատել խոշորագույն համացանցային ընկերությունների հետ և օգտատերերի վերաբերյալ տեղեկություններ հավաքել:
Այն մասին, որ նման ծրագիր գոյություն ունի, հաղորդել են Guardian և Washington Post թերթերը: Դրանից հետո անմիջապես մեծ աղմուկ է բարձրացել: Այժմ պատգամավորները ցանկանում են իմանալ մանրամասները՝ լրտեսման մասշտաբները, թե ինչպես է այն իրականացվել և ինչքանով է դա կապված Մեծ Բրիտանիայի հետ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ «Պրիզման» կիրառվել է ոչ ամերիկացիների նկատմամբ: Այդ աղմուկի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և հանդես է եկել հօգուտ հատուկ ծառայությունների:









































