Չինաստանի Սյամեն քաղաքում ավտոբուսի հրդեհի պատճառը դիտավորությունն է, որի հետևանքով զոհվեց 47 մարդ: Ոստիկանությունը ներկայում փորձում է պարզել կասկածյալի ինքնությունը ու կատարում է որոնողական աշխատանքներ: Այս մասին հայտնել են չինացի իրավապահները Sina Weibo ինտերնետ-բլոգի էջում:
Ընդ որում՝ մի շարք չինական ԶԼՄ-ներ արդեն հրապարակել են վերջինիս լուսանկարը: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, լուսանկարում տարեց տղամարդ է, որին ֆիքսել են փողոցում տեղադրված տեսանկարահանող սարքերը:
Նա կասկածվում է ավտոբուսը դիտավորյալ հրկիզելու մեջ, ինչի հետևանքով զոհվեց 47 մարդ, ևս 34-ը ստացան տարբեր աստիճանի այրվածքներ:
Ողբերգությունը տեղի էր ունեցել երեկ երեկոյան պիկ ժամի: Ավտոբուսը այրվել էր արագընթաց մայրուղում՝ հերթական կանգառից մոտ 500 մ հեռու: Հրդեհն արագ տարածվել էր սրահում, որտեղ այդ ժամանակ եղել է 90 մարդ:
Ողբերգության պատճառները պարզելու համար Չինաստանի պետական կոմիտեին կից ստեղծվել է հատուկ խումբ:











































