Anonymous ցանցահենային խմբավորումը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությանը պատկանող մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատում են համացանցից օգտվողների մասին տեղեկությունների հավաքման փաստը:
Ցանցահենները հաստատում են, որ կարողացել են հասանելիություն ստանալ հատուկ ծառայությունների ֆայլերին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել համացանցից օգտվողների մասին տվյալների հավաքման գործունեության մասին:
Ցանցահենների փոխանցմամբ՝ այդ փաստաթղթերը հաստատում են, որ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է ոչ միայն ամերիկացիներին, այլև ավելի քան 35 երկրների բնակիչներին:
Anonymous-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի մեծ մասը թվագրվում են 2008 թվականով և դասվում է PRISM ծածկանվամբ լրտեսման ծրագրին:
Apple-ը, Facebook-ը, Yahoo-ն ու Google-ն այսօր հերքել են տեղեկություններն այն մասին, թե իրենք իրենց սերվերներից տեղեկություններ են տրամադրում ԱՄՆ հատուկ ծառայություններին:
Ինչպես ավելի վաղ գրել էին The Guardian-ն ու The Washington Post-ը՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն արդեն մի քանի տարի է՝ ուղիղ մատչում ունեն Microsoft-ի, Yahoo-ի, Google-ի, Facebook-ի, PalTalk-ի, AOL-ի, Skype-ի, YouTube-ի և Apple-ի սերվերներին: Նշվում էր, որ PRISM ծածկանվամբ ծրագրի շրջանակում հատուկ ծառայությունները հավաքում են աուդիո և վիդեո ֆայլեր, լուսանկարներ, էլեկտրոնային նամակագրություն, փաստաթղթեր և այլն:










































