ՀՀԿ ԳՄ նիստից առաջ՝ կուսակցության գրասենյակի առջև այս պահին տեղի է ունենում արդեն ավանդական դարձած բողոքի ակցիան: Հանրապետության 33 փողոցի՝ դեպի Ֆիրդուսու փողոցն ընկած հատվածում հավաքված խաբված բնակիչները պահանջում են վերջապես տրամադրել իրենց հասանելիք բնակարանները: Նշենք, որ նրանց տները քանդել են, փոխարենը խոստացել են նոր բնակարաններ տալ, սակայն մինչ օրս նրանք ապրում են վարձով բնակարաններում։
««Գլենդել Հիլս» ընկերությունը իբր թե վճարում է մեր վարձավճարները, սակայն միշտ՝ ուշացած և քիչ: Քառասուն հազար դրամ գումար են տալիս, մենք էլ վրան գումար ենք ավելացնում, որ կարողանանք ապրել, այսպես չի կարելի»,- ասաց բնակիչներից մեկը։ Հավելենք, որ նախկինում այս բնակիչների հետ հանդիպել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նա խոստացել էր օգնել, սակայն մինչ օրս բնակիչները ոչ մի պատասխան չեն ստացել։ « Պետք լինի՝ հրապարակն էլ կփակենք, էլ չենք դիմանում»,- ասաց բնակիչներից տիկին Լաուրան:
Այս պահին բնակիչները փակել են փողոցը, որպեսզի վարչապետն ու նախագահը չկարողանան անցնել և ստիպված լսեն իրենց։ Նշենք որ վերջիններս նիստին մասնակցելու համար ՀՀԿ գրասնեյակ են մտել։







































