Ոստիկանության և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև բախումները մնում են թուրքական հեռուստաալիքների տեսադաշտից դուրս: Time ամսագրի փոխանցմամբ՝ անցած շաբաթ բողոքի ցույցերի ժամանակ երկրի երկու գլխավոր տեղեկատվական հեռուստաալիքներից մեկը ցուցադրել է պինգվինների մասին վավերագրական ֆիլմ, իսկ մյուսը՝ խոհանոցային շոու:
Թուրքիայի շատ բնակիչների համար հեռուստաալիքների լռությունը դարձել է ԶԼՄ-ներում առկա ինքնագրաքննության ախտանշաններից մեկը: Այժմ պինգվինը դարձել է ԶԼՄ-ներից ցուցարարների հիասթափության խորհրդանիշ: Ցուցարարները հագնում են պինգվինների պատկերներով մարզաշապիկներ, նույնիսկ պինգվինի հագուստ:
Մինչ «ավանդական» մեդիան հիասթափեցնում է թուրքերին, մեծանում է նոր՝ սոցիալական մեդիայի ազդեցությունը: Թուրքիայում բողոքի ակցիաները համակարգվել են Twitter-ի և Facebook-ի միջոցով, որտեղ թուրքերը կազմում են աշխարհում մեծությամբ 4-րդ հասարակությունը:
Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ բողոքի ցույցերի 9 օրերի ընթացքում Թուրքիայում զոհվել է 4, հոսպիտալացվել 915 մարդ: Անկարգությունների հետևանքով պատճառված վնասի ընդհանուր չափը գերազանցում է 37 միլիոն դոլարը:









































