Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան «ԵՄ-Ադրբեջան՝ անվտանգություն և ինտեգրում» ֆորումի շրջանակներում:
«Մենք կարող ենք ավելին անել: Ադրբեջանում գտնվելու չորս տարիների ընթացքում ինձ հարցնում են, թե Եվրամիությունն ինչու չի մասնակցում գործընթացին: Սակայն եթե մեզ չեն հրավիրել, դա շատ բարդ է անել: Մենք Մինսկի խմբում ունենք Ֆրանսիայի համանախագահ: Մենք ունենք նաև Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Մենք աջակցում ենք Մինսկի խմբի գործունեությանը, որպեսզի նա լուծի խնդիրը»,- ասել է Կոբիան:
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է մեծացնել վստահությունը կողմերի միջև: Այս նպատակներով ԵՄ-ն փորձում է վստահություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Թշնամական միտումների մեծացումը լի է բազում հետևանքներով»,- ասել է Կոբիան:
Նա նշել է, որ ամենակարևորը կողմերի քաղաքական կամքն է, առանց որի միջնորդությունն արդյունքներ չի ունենա:









































