Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրյազան, մեկնաբանելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձևը, կարևորել է այն, որ ԵԽԽՎ-ն կենտրոնանա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:
«Լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներին կոչ աներ փոխգործակցել անձամբ միմյանց և կողմերի հետ, որպեսզի իրագործվեն Մադրիդյան սկզբունքները:
Առանց բարձր մակարդակի նման գործողությունների, հակամարտությունը կարող է անվերջ շարունակվել, և կառաջանա էլ ավելի լուրջ բախման ռիսկ, ինչպիսին որ տեղի ունեցավ ապրիլի սկզբին»,- ասել է նա:
Ապրիլի 19-ի ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել է 44 պատգամավոր: Դրանում նշված է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և որ ԵԽԽՎ-ն աջակցում է միջազգայնորեն համաձայնեցված միակ բանակցային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:









































