Բրյուսելի օդանավակայանում մեկ ամիս առաջ ահաբեկչություններ իրագործած մահապարտ-ահաբեկիչները նպատակաուղղված են գործել՝ որպես թիրախներ ընտրելով Իսրայել, Ռուսաստան և ԱՄՆ մեկնող ուղևորներին: Այս մասին գրում է Derniere Heure թերթը:
«Կայարանի շենք մտած 3 ահաբեկիչները չեն պատրաստվել աննպատակ հարվածել: Իրենց թիրախները նրանք որոշել են: Երևում է (հսկող տեսախցիկների տեսագրություններում), թե նրանք ինչպես են սկսում ուսումնասիրել ավիաչվերթների թռիչքների ցուցատախտակը, իսկ հետո միտումնավոր ուղղվում են դեպի Իսրայել, Ռուսաստան և ԱՄՆ մեկնող ուղևորների գրանցման պահարաններ»,- գրում է պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին, որոնք զբաղվել են Բրյուսելի օդանավակայանի հսկող տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրությամբ:
Մարտի 22-ին Բրյուսելում մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 32 մարդ, մոտ 300-ը վիրավորվել է: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:











































