Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաները ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են, որ Բարաք Օբաման նախագահության 8-րդ և վերջին տարում կհրաժարվի իր հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության պատշաճ ոգեկոչումից, ինչպես խոստացել էր անել նախընտրական արշավի ժամանակ։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
«Թվում է՝ նախագահ Օբաման կավարտի իր պաշտոնավարումը, ինչպես սկսել է՝ ենթարկվելով Թուրքիայի ճնշմանն ու դավաճանելով Հայոց ցեղասպանության մասին ազնվորեն խոսելու իր հանձնառությանը»,- ասել է ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով հանդիպել է պաշտոնյաների հետ։
«Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման ներքո անխոհեմ նահանջը Ամերիկայի՝ ընդդեմ ցեղասպանության հանձնառությունների՝ ի դեմս նրանց բացահայտ հրահրման, ակնհայտ ագրեսիայի և ցեղասպանւոթյան այլ դասական կարմիր դրոշների, քաջալերում է Էրդողանին ու Ալիևին՝ սրելու իրենց թշնամությունը՝ բարձրացնելով հակահայկական լայնածավալ վայրագությունների շատ իրական ռիսկը։ Սա, ցավոք, նախագահ Օբամայի ժառանգությունն է՝ լռությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ, մեղսակցությունը Թուրքիայի ժխտողականությանն ու Ադրբեջանի ագրեսիայի քաջալերումը»,- հավելել է Համբարյանը։










































