ԵԽԽՎ-ն խորհրդի անդամ երկրներին կոչ է արել վիզային և ֆինանսական պատժամիջոցներ սահմանել բոլորի նկատմամբ, ովքեր մասնակից են ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի գործով հետաքննությանը և դատավարությանը, որը մեղադրվում է Դոնբասում Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության լրագրողների սպանության համար: Այս մասին ասվում է ԵԽԽՎ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ պատժամիջոցները պետք է վերաբերեն «Նադեժդա Սավչենկոյի առևանգմանը, անօրինական բանտարկությանը, անարդար դատին և մեղադրական դատավճռին մասնակից անձանց՝ այն դեպքում, եթե նրան անհապաղ ազատ չարձակեն»:
ԵԽԽՎ-ն նաև կոչ է արել նման միջոցների ձեռնարկման հնարավորությունը քննարկել նրանց դեմ, ովքեր զբաղվել են Ռուսաստանի դատարանում Ուկրաինայի այլ քաղաքացիների նկատմամբ գործերի հետաքննությամբ և քննությամբ:
Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը մարտին Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության համար: Դատարանը ապացուցված է համարել այն հանգամանքը, որ 2014 թվականի հունիսի 17-ին նա ուկրաինական օդային ուժերին է փոխանցել խաղաղ բնակչության կոորդինատները, որոնք էլ հետագայում օգտագործվել են հաուբից D-30-ով հրետանային հարվածներ իրականացնելու համար: Կրակահերթի հետևանքով զոհվել են լրագրողներ Իգոր Կորնելյուկը և Անտոն Վոլոշինը:
Սավչենկոն նաև մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության սահմանն ապօրինի հատելու համար:











































