Իսրայելը ցավում է, որ Ավստրիան որոշել է իր խաղաղապահ զորախումբը դուրս բերել Գոլանի բարձունքներից, և հույս ունի, որ Սիրիայից բաժանարար գիծը չի մնա առանց «կապույտ գլխարկների»։ Այս մասին հաղորդել է իսրայելական ԱԳՆ-ը:
300 ավստրիացիներ կազմում են ՄԱԿ-ի այն ուժերի ավելի քան 1/3 մասը, որը 1974-ից տեղակայված է Սիրիայի հսկողության տակ գտնվող Գոլանի հատվածի սահմանային գծում: Ավելի վաղ իրենց զինծառայողներին այնտեղից հետ են կանչել Խորվաթիան, Կանադան և Ճապոնիան: Ավստրիացիների հեռանալուց հետո այնտեղ կմնան միայն Հնդկաստանն ու Ֆիլիպինները:
Վիեննան իր որոշումը բացատրել է զինվորների կյանքին սպառնացող վտանգով, քանի որ նրանք հայտնվել են Սիրիայի կառավարական և զինված ընդդիմության բախումների կենտրոնում:
«Իսրայելը հուսով է, որ ՄԱԿ-ը կշարունակի իր պարտականությունների իրականացումն Անվտանգության խորհրդի 350-րդ որոշման շրջանակներում»,- հաղորդել է Իսրայելի ԱԳՆ-ը:










































