«Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բազմաթիվ ավտոմեքենաներ են վնասվել: Այսօր կեսօրին քամին պոկել էր օդանավակայանի նախկին VIP սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա:
Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի աշխատակիցները և փորձում են պարզել, թե որ մեքենաներն են տուժել անմիջականորեն միջադեպի հետևանքով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը ապահովագրական պայմանագիր ունի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ի հետ, ուստի այն ավտոմեքենաները, որոնք տուժել են այսօր տեղի ունեցած միջադեպից, փոխհատուցում կստանան ընկերության կողմից:
Նրա հավաստիացմամբ՝ «Զվարթնոց»-ի պայմանագիրը «Ռոսգոսստրախ»-ի հետ նման ընթացակարգ նախատեսում է՝ օդանավակայանի տարածքում նման լուրջ վթարների դեպքում տուժածները փոխհատուցում են ստանում:










































