Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գերմանական ARD հեռուստաալիքի թղթակից Ֆոլկեր Շվենկին, ով աշխատում է Կահիրեում, թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա: Այդ մասին հայտնել է Suedwestrundfunk (SWF) հեռուստակորպորացիան:
Շվենկը Ստամբուլ է ժամանել Եգիպտոսի մայրաքաղաքից՝ մտադիր լինելով այցելել Թուրքիայի ու Սիրիայի միջև ընկած սահմանային գոտի՝ սիրիացի փախստականների հետ շփվելու համար:
Սակայն Աթաթուրքի անվան օդանավակայանի աշխատակիցները թղթակցին չեն թույլատրել մուտք գործել երկիր: Շվենկը Twitter-ի իր միկրոբլոգում փաստաթուղթ է հրապարակել, որում ընդգծված է, որ իրեն արգելել են մուտք գործել Թուրքիա: Նա զարմանք է հայտնել տեղի ունեցածի համար: Օդանավակայանի աշխատակիցները նրան չեն բացատրել մուտքի մերժման պատճառները:








































