Ծանրամարտի Հայաստանի հավաքականները գերազանց հանդես եկան Եվրոպայի առաջնությունում։ Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած ստուգատեսում մեր ազգային թիմերն աննախադեպ հաջողություն ունեցան։ Մեդալների հաշվարկով Հայաստանն առաջինն է Եվրոպայում։
Կանանց մրցապայքարի 69 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Նազիկ Ավդալյանը։ 2009 թվականին Գոյանգում աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո Նազիկը ծանր ավտովթարի էր ենթարկվել՝ ստանալով ողնաշարի կոտրվածք։ 7 տարվա դադարից հետո մարզուհին կրկին պատվո հարթակի առաջին աստիճանին էր։





































