ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել է ավերիչ երկրաշարժից տուժած Էկվադորի բնակիչներին օգնություն ցուցաբերել և միջազգային դոնորներին խնդրել է 1 մլն դոլար հատկացնել մարդասիրական գործունեության ֆինանսավորման համար: Այս մասին հայտնում է TASS-ը:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ից 1 մլն դոլար կպահանջվի երկրաշարժից տուժած երեխաների հրատապ պահանջմունքները բավարարելու համար»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: Գործունեության առաջնայնությունների թվում ՅՈՒՆԻՍԵՖ-ում նշել են ինֆեկցիոն հիվանդությունների տարածման կանխումը, որբ կամ ծնողներից բաժանված երեխաների պաշտպանությունը և նրանց հոգեբանական օգնության ցուցաբերումը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ծրագրում է կրթական ծրագրեր իրականացնել աղետի գոտում, այդ թվում՝ փաթեթներ բաշխել ուսման համար, ինչպես նաև վրաններ բաժանել և վերականգնել ջրամատակարարման և կոյուղու համակարգերը: Կիրակի ՅՈՒՆԻՍԵՖ-ը 20 000 հաբ է հատկացրել բնական աղետից ամենից շատ տուժած Պեդերնալես քաղաքի շրջանում ջրի ախտահանման համար: «Տեղում աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը, որը գնահատում է երկրաշարժի հետևանքները երեխաների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Էկվադորում շաբաթ օրը տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Վերջին տվյալներով՝ մահացել է 262 մարդ, ավելի քան 2.500-ը վնասվածքներ են ստացել:









































