ԵՄ երկրները կարող են Սիրիայից և Իրաքից վերադարձած իրենց քաղաքացիներին, որոնք այդ երկրներում եղել են գրոհայինների շարքերում, ներգրավել՝ հրապարակավ պսակազերծելու այն դաժանությունները, որոնք տիրում են այնպիսի ահաբեկչական խմբավորումներում, ինչպիսին է ԴԱԻՇ-ը: Այս մասին իր կայքում հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ համակարգող Ժիլ դե Կերշովին:
«Այն վերադարձածները, որոնց ձեռքերն արյունոտ չեն, կարող են դառնալ հզոր, վստահության արժանի ձայն՝ օգտագործելու հակաքարոզչության նպատակներով»: Նա կարծում է, որ այդ մարդիկ «կարող են պատմել այն մասին, թե իրենք ինչ են զգացել»՝ բախվելով դաժանությունների:
Ըստ դե Կերշովի՝ արմատապես սխալ կլիներ բանտարկել ԵՄ երկրների այն քաղաքացիներին, որոնք արդեն մեկ շաբաթ անց փախել են ահաբեկիչներից և ընդունել իրենց սխալը: Նրա խոսքով՝ բանտերը, ընդհակառակը, «արմատականացման ինկուբատոր են»:










































