Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Լևոն Մարտիրոսյանը որևէ միտում չի տեսնում, որ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի ու Դաշնության խորհրդի պաշտպանության ու անվտանգության կոմիտեի համատեղ նիստը Երևանում անցկացվեց հայերեն:
Մեր զրուցակիցը նիստում հնչած աննախադեպ ելույթները պայմանավորում է վերջին օրերին տեղի ունեցած աննախադեպ իրադարձություններով. «Չորսօրյա պատերազմում ռուսական զինատեսակների կիրառման հետ կապված մեր հասարակության իրավացի դժգոհությունը մենք ներկայացրեցինք մեր ռուս գործընկերներին, և նրանք փորձեցին որոշակի պարզաբանումներ տալ, որոնք մենք ընդունեցինք ի գիտություն»:
Նրա խոսքով՝ իհարկե, այդ պարզաբանումները մեզ չէին կարող գոհացնել, բայց նրանք չեն էլ թաքցնում և ասում են, որ Հայաստանը իրենց ռազմավարական դաշնակիցն է, սակայն Ադրբեջանն էլ իրենց ռազմավարական գործընկերն է:
Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Լևոն Մարտիրոսյանն ասաց. «Ադրբեջանի վերջին ավանտյուրայից հետո ընդհանրապես բանակցությունների մասին խոսելը արդեն լավատեսություն է, իսկ կարգավորման ինչ-որ տարբերակի մասին խոսելը՝ անիրատեսական»:
Ինչ վերաբերում է այս հակամարտության հարցում Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ հայկական կողմի մտահոգություններին, Լևոն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ այսօրվա նիստին բոլոր մտահոգությունները ներկայացվել են, իսկ ռուսական կողմը «դրանք լսել է»:
Մեր զրուցակիցը համարում է, որ այս քառօրյա պատերազմից հետո փոփոխություն կատարվեց ոչ միայն իշխանական էլիտայի, այլև ողջ հասարակության մտածելակերպի և հոգեբանության մեջ. «Տեղի ունեցավ հասարակական լայն կոնսոլիդացիա, որը հրահանգավորված չէր ոչ վերևից, ոչ կողքից, ինչը դրական է»:










































