Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով վարչության աշխատակիցները Թուրքիայի իշխանություններից պահանջել են տվյալներ ներկայացնել Սիրիայի հետ սահմանին փախստականների հնարավոր զոհվելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով վարչության պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք Թուրքիայի իշխանություններից խնդրել ենք պատասխանել այն հայտարարությանը, որ գնդակոծության հետևանքով մարդիկ կարող են զոհված լինել: Նման հաղորդումներ ստացվել են հումանիտար կազմակերպություններից»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ իրենց գերատեսչությունը չի զբաղվում Թուրքիայի տարածքում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումների հարցով:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ էր արել դադարեցնել թուրք-սիրիական սահմանով անցուդարձը:










































