Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անկայունության աղբյուր է Մերձավոր Արևելքի համար:
Դեմիրթաշի խոսքով՝ Էրդողանը բորբոքում է «բռնապետական նացիոնալիզմ»: Քուրդ պատգամավորը Եվրոպային ու ԱՄՆ-ին մեղադրել է Էրդողանի հակաքրդական կուրսին համառորեն ուշադրություն չդարձնելու համար:
Դեմիրթաշը կարծիք է հայտնել, որ եվրոպացիների լռության պատճառն այն է, որ նրանք Թուրքիայի հետ պայմանավորվել են փախստականների հոսքի զսպման շուրջ, իսկ Վաշինգտոնն էլ չի ցանկանում կորցնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում իր դաշնակցին:
«Էրդողանը Թուրքիայում խեղդում է խոսքի ազատությունը, ստեղծում է ռեպրեսիվ անվտանգության ռեժիմ, անտեսում է օրենքի գերակայությունը: Այդ ամենը, ինչպես երբեք, երկրին ավելի է մոտեցնում արմատականացմանն ու ներքին կոնֆլիկտներին»,- ասել է Դեմիրթաշը:









































