Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ շաբաթ կուղևորվի հունական Լեսբոս կղզի՝ զորակցություն հայտնելու այնտեղ գտնվող փախստականներին և կղզու բնակիչներին, ինչպես նաև Հունաստանի ողջ ժողովրդին, որը շռայլորեն ընդունում է ներգաղթյալներին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավատացյալներին խնդրել է իր այցն ուղեկցել աղոթքներով։
Հռոմի պապը 2013-ի հուլիսի 8-ին ուղևորվել էր իտալական Լամպեդուզա կղզի, որը դարձել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից անօրինական ներգաղթյալների ընդունման գլխավոր եվրոպական կենտրոններից մեկը։ Այդ ժամանակվանից ի վեր Հռոմի պապը բազմիցս կոչ է արել հավատացյալներին համերաշխություն դրսևորել փախստականների հետ, ովքեր փախչում են՝ փրկվելու պատերազմներից ու մարդասիրական ճգնաժամերից։












































