Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, որ Երկրի աշխարհագրական Հյուսիսային բևեռը 2000 թվականից սկսել է տեղաշարժվել դեպի արևելք: Այդ մասին նշված է NASA-ի նոր հետազոտությունում:
Ընդգծվում է, որ Հյուսիսային բևեռի գտնվելու վայրի 115-ամյա դիտարկումները վկայում են, որ այդ ընթացքում բևեռը տեղաշարժվել է 12 մետրով: Ավելի վաղ բևեռը հիմնականում տեղաշարժվել է դեպի Կանադա՝ տարեկան 7-8 սանտիմետր, սակայն 2000 թվականին այն կտրուկ փոխել է կուրսը և սկսել է թեքվել դեպի Բրիտանական կղզիներ:
NASA-ում ընդգծում են, որ ներկայումս այն շարժվում է երկու անգամ ավելի արագ, քան նախկինում, և տարեկան տեղաշարժվում է 17 սանտիմետր: Հետազոտության տվյալներով՝ Հյուսիսային բևեռը տեղաշարժվում է Գրենլանդիայի սառցադաշտերի ու Անտարկտիդայի արևմուտքի սառցադաշտերի հալվելու հետևանքով:
Գիտնականները դրա պատճառների թվում նշել են նաև Կասպից ծովի շրջանի ու Հինդուստան թերակղզու երաշտը:












































