Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ափսոսանք է հայտնել Նիդերլանդներում ԵՄ-ի և Ուկրաինայի ասոցիացիայի համաձայնագրի վավերացման մասին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքի առնչությամբ: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը:
Շուլցը նշել է, որ եվրաինտեգրման Կիևի ձգտումը տարածաշրջանում խաղաղության վերականգնման կարևոր բաղադրիչ է, և հիմա այդ «քաղաքակիրթ նախագծի» համար Եվրոպան պետք է պայքարի:
Մեկ տարի առաջ Ուկրաինան և Եվրախորհրդարանը վավերացրել են ԵՄ-ին ասոցացման մասին համաձայնագիրը, որի մաս է ազատ առևտրի գոտու մասին կետը: Որպեսզի Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համաձայնագիրն ուժի մեջ մտնի, այն պետք է վավերացնեին ԵՄ անդամ բոլոր 28 պետությունները:
Չորեքշաբթի Նիդերլանդներում անցկացվել է վավերացման հարցով հանրաքվե: BNO News գործակալության հաղորդմամբ՝ 38,1%-ը քվեարկել է հօգուտ համաձայնագրի վավերացման, 61,1%-ը՝ դեմ:









































