Հայկական կողմը երբեք հանդես չի եկել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման խնդրանքով, բայց և դեմ չէ: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե միջազգային կառույցները պնդեն խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը, մենք դեմ չենք լինի»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ներկայում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ կան նման քննարկումներ ու առաջարկություններ, բայց իմպերատիվ պնդում չկա: «Ամեն ինչ ցույց կտան բանակցությունները, եթե դրանք ընթանան նորմալ հունով: Նման որոշում դեռ չկա, երբ լրջացվեն այդ առաջարկները, մենք մեր տեսակետը կհայտնենք»,-հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:










































