Բուլղարացի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկովը տեսնելով, թե ինչպես են հայ կամավորներն ու զինվորները երգով ու ժպիտով գնում ճակատ բազմամիլիարդ սպառազինությամբ հագեցած հակառակորդի դեմ կռվելու, եզրակացնում է, որ հայերը հանձնել են հերոս ազգ կոչվելու քննությունը: Սա մի գնահատական է, որն արժեքավոր է հատկապես այն պատճառով, որ հնչում է դրսից, արտաքին հայացքով, այսինքն՝ մեր ներքին ոգևորությունից և պաթոսից, զգայականությունից դուրս:
Այդ գնահատականը հուշում է, որ այս օրերի մեր ինքնագնահատականը այդքան էլ չափազանցված չէ նույն այդ զգայականության բարձր մակարդակի պատճառով, և ներսից մենք մեզ տեսնում ենք գրեթե այնպես, ինչպես տեսնում են դրսից՝ ավելի հանգիստ, կողմնակի հայացքով: Ընդ որում՝ բուլղարացի հրապարակախոսը այդ առումով միակը չէ, այդպիսի հայացքներն ու գնահատականները այս օրերին շատ են:
Եվ այդպիսով, անկասկած է, որ մենք իսկապես հանձնել ենք շատ կարևոր քննություն: Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է այդ ամենից հայտնվենք ոչ թե թե զգայական, պաթետիկ նոր գլխապտույտի մեջ, այլ վերլուծենք մեր իսկ հանձնած քննությունը, առավել ևս, որ մենք ունենք դրանից առաջ կտրված բազմաթիվ այլ քննություններ այլ առարկաներից, որոնք հանդիսանում են մեր ազգային, պետական նկարագրի ցուցիչ, մեր անձնագիր կամ այցեքարտ աշխարհում: Իսկ այդ առարկաները պակաս կարևոր չեն, քան այն, ինչ մենք արեցինք անցնող օրերին ճակատում և թիկունքում:
«Ռազմագիտությունից» մենք հանձնեցինք մեր քննությունը, մեր զինվորների և հրամանատարների հերոսական ջանքի, խիզախության, մեր կամավորների անձնվիրության, ոգու, դժբախտաբար՝ նաև զոհերի գնով: Բայց ակնհայտ է, որ մենք տապալել ենք քննությունները այնպիսի առարկաներից, ինչպիսին են տնտեսությունը, քաղաքականությունը, ինչպիսին են հասարակական հարաբերությունների մշակույթը, կրթական համակարգը, առողջապահությունը, պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:
Այս առարկաներից յուրաքանչյուրի մասով մենք ունենք տասնյակ ու հարյուրավոր «լիկվիդներ», չհանձնածներ, կտրվածներ: Եվ որևէ մեկը չի կարող վիճարկել, որ պետական կենսունակությունն ու մրցունակությունը, հետևաբար պետության և քաղաքացիների անվտանգությունը կազմավորվում է այս բոլոր բաղկացուցիչների հանրագումարում, և սրանով է, որ մենք ստանում ենք մեր «դիպլոմն» աշխարհում և ճշգրտում մեր տեղն ու դերը, ճանաչվում ենք քաղաքակրթական համակարգում, միջազգային հարաբերություններում որպես լիարժեք և կոմպետենտ, պահանջված «մասնագետ», ասել է թե՝ որպես արդիական պետություն, պետականություն:
Ավելին՝ անցնող չորս օրերին իսկապես գերազանց հանձնած քննության ֆոնին այլ առարկաներից մեր նախկին չհանձնածները, մեր նախկին տապալած քննությունները դառնում են առավել ընդգծված, վառ արտահայտված, աչք ծակող: Եվ այսօր տիրող զգայական ֆոնն ու էյֆորիան մեր աչքին պետք է ոչ թե զրահ լինի այդ ծակոցներից, կամ քող՝ գցված այդ նախկին տապալած առարկաների վրա, այլ պետք է մեր աչքերը ավելի լայն բացի դրանց վրա, բացի մեր գիտակցությունը: Ինչքանո՞վ ենք մենք ընդունակ լուծել մեր ներքին խնդիրները, մեր ներքին կյանքի արդիականացման հարցերը:
Վերջին հաշվով, պետք է ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ 21-րդ դարում տեխնոլոգիաներն ու մրցակցությունը ստացել են այնպիսի գերհագեցած և տեխնոլոգիապես արդիականացած ու դինամիկ բնույթ, որ հնարավոր չէ անընդհատ պայքարել ներքին ոգեղեն ռեսուրսների հաշվին՝ չստեղծելով համարժեք նյութական ռեսուրսներ: Ի վերջո, դա մեկ անգամ կբերի հաղթանակի, երկրորդ անգամ, գուցե երրորդ և չորրորդ, սակայն այդ հաղթանակի թիկունքում ամեն հաջորդի հետ կահագնանան իրականում ներքին լուրջ վտանգներ՝ առ այն, որ այդ հաղթանակը կսպառի ռեսուրսներն ու էներգիան, ինչպես մարտկոցը, որն աշխատում է առանց լիցքավորվելու: Այդպիսի մեքենան երկար չի գնա, հեռու չի գնա, եթե անգամ կարողանա մարտկոցի հաշվին հաղթել կարևոր մի մրցարշավ: Մեր մարտկոցն է դրսևորել իր հզորությունը, բայց ոչ մեր լիցքավորման համակարգը:
Նույնիսկ պատահական չէ, որ կա համընդհանուր զարմանք, իհարկե՝ հաճելի անակնկալի տեսքով, բայց կա զարմանք, որ երկու տասնամյակի ընթացքում սոցիալ-հոգեբանական ահռելի խնդիրների հարվածներ ստացած հասարակությունը ցուցաբերում է այդպիսի կամք, համախմբում, նվիրվածություն իր պետությանը: Եվ պատահական չէ, որ շատերն էին այս օրերին զարմացած հարց տալիս միմյանց կամ իրենք իրենց, թե որտեղի՞ց այդքան ուժ և էներգիա այս ժողովրդին: Այսինքն՝ դրանով բոլորն էին ևս մեկ անգամ ընդունում, որ չի գործում լիցքավորման համակարգ և ըստ այդմ էլ՝ զարմանում, թե որտեղից ուրեմն այդքան լիցք, որ տարիներով սպառվելուց հետո այդուհանդերձ մնացել է այնքան, որ թույլ է տալիս հետ մղել բազմամիլիարդ սպառազինությամբ հակառակորդին:
Մեր գլխավոր հաղթանակը կլինի այն դեպքում, երբ կարգի կբերենք լիցքավորման համակարգը: Եվ դա կլինի արդեն հաղթանակ, որը մենք ձեռք կբերենք առանց զոհերի, որը մեզանից ոչ թե զոհեր կպահանջի, այլ կօգնի հետագայում արդեն վտանգները հետ մղելու գործը չթողնել մեր զինվորների ուսերին և վտանգի տակ դնել նրանց կյանքը: Լիցքավորման համակարգի խնդիրը լուծելու համար մենք կարիք ունենք հանձնելու վերաքննությունը՝ տնտեսության, քաղաքականության, հասարակական հարաբերությունների մշակույթի, քաղաքացիականության, իրավական գիտակցության առարկաներից, հանձնելու վերաքննությունը որքան հնարավոր է շուտ, այլապես համաշխարհային դինամիկան այնպիսին է, որ մեր հերթական ռազմական հաջողությունից հետո նոր մարտահրավերը կարող է գալ ավելի շուտ, քան 1994 թվականից հետո եկածը:








































