ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը, Նյու Յորքում գտնվելով ընտրողների հետ հանդիպմանը, որոշել է օգտվել մետրոյից։ Ինչպես հայտնում է Politico-ն՝ մտնելիս նա բախվել է դժվարությունների. Քլինթոնին հաջողվել է պտուտակադռնակով (տուրնիկետ) անցնել միայն 5-րդ փորձից։
Ապրիլի 5-ի դրությամբ՝ դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածուի ֆավորիտը Քլինթոնն է։ Նա կարող է ակնկալել 1738 պատվիրակի ձայն, մինչդեռ Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը՝ 1048։ Առաջադրման համար անհրաժեշտ է 2383 ձայն։
Հուլիսին Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն Ազգային համագումարներ կանցկացնեն, որոնց ժամանակ պատվիրակները թեկնածուներ կընտրեն։ ԱՄՆ նախագահի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին։









































