Վենեսուելացի պաշտոնյաները անսպասելի հանգստյան օր են ստացել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, որը հայտարարել է, որ այս տարվա ապրիլին և մայիսին իրենք էլեկտրաէներգիա խնայելու համար ուրբաթ օրերին չեն աշխատի: Այս մասին հայտնում է El Nacional պորտալը:
Վերջին տարիներին Վենեսուելայում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումները հազվադեպ չեն, հատկապես՝ շոգ շրջանում:
«Հինգշաբթի պետք է հատուկ հրամանագիր հրապարակվի Gaceta Oficial-ում, որով բոլոր ուրբաթ օրերը՝ սկսած այս շաբաթվանից, ապրիլ-մայիսին կսահմանվեն ոչ աշխատանքային»,- ասվում է Մադուրոյի հայտարարության մեջ:
Ավելի վաղ իշխանությունները նաև էլեկտրականության մատակարարման սահմանափակումներ են սահմանել առևտրի կենտրոնների և կինոթատրոնների համար՝ նրանց պարտավորեցնելով ավտոգեներացիայի հաշվին իրենք իրենց մասամբ ապահովեն էլեկտրականությամբ: Այժմ Մադուրոն էներգիայի մեծ սպառողներից պահանջել է ինքնուրույն գեներացիայի ծավալները օրական 4 ժամից ավելացնել մինչև 9 ժամ:









































