Երեկ՝ ապրիլի 6-ի երեկոյան, ժամը 23:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական հենակետերից կրկին գնդակոծվել է Բաղանիս գյուղը:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմը գնդակոծել է 12.7 մմ տրամաչափի գնդացիրներով:
«Տուժածներ չունենք, վնասի չափերը ճշտվում են: Միշտ դիրքային կրակոցներ եղել են, ապրիլի 1-5-ը ընդհանուր առմամբ հանգիստ է եղել: Ուղղակի էս ծավալի չէր եղել, որ ուղիղ կես ժամ կրակեին»,- ասաց գյուղապետը:
Գյուղապետը նաև ասաց, որ գնդակոծման արդյունքում գյուղի բնակիչները չեն տեղափոխվի ավելի ապահով վայրեր: «Համարյա նույն բանն է, այնպես չի, որ առաջին անգամ է»,- նշեց Սահակյանը:
Վերջինս տեղյակ չէր՝ կողքի գյուղերը գնդակոծվե՞լ են, թե՞ ոչ:
Տավուշի մարզի Բաղանիսից ևս այս պահին կան Ղարաբաղում ծառայողներ. «Փառք Աստծո, բոլորը ողջ-առողջ են»:
Լուսանկարը՝ Ոսկան Սարգսյանի







































