Գերագույն Ռադայի Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեն ամերիկյան The New York Times թերթից պարզաբանումներ և հերքումներ կպահանջի հոդվածի հրապարակման առնչությամբ, որում Ուկրաինան բնութագրվել է որպես կոռումպացված ճահիճ: Այս մասին ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկից» պատգամավոր Իվան Վիննիկը:
«Դա հարգելի պարբերական է: Եվ ինչ-որ մեկը նրանց տեղեկություն է տվել, որն իրականությանը չի համապատասխանում: Դա կհաստատվի ոչ միայն Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, որն անվստահության որոշակի մակարդակ ունի, այլև բրիտանացի մասնագետների կողմից, որոնք, հուսով եմ, The New York Times պարբերականի կողմից ընկալվում են որպես իրազեկ: Մենք կպահանջենք հոդվածի հերքում»,- ասել է Վիննիկը:
Պատգամավորի խոսքով՝ Ռադան, մասնավորապես, կձգտի հասնել կոռուպցիայի հետ կապված իրավիճակի համար Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պատասխանատվության մասին տեղեկության հերքման, ինչպես նաև Ուկրաինայի բնապահպանության և բնական ռեսուրսների նախկին նախարար Նիկոլայ Զլոչևսկու գործի կոնտեքստում նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պատասխանատվության մասին պնդման հերքման:
The New York Times-ի խմբագրական հոդվածը հրապարակվել է մարտի 31-ին: Նյութում Ուկրաինան բնութագրվում է որպես կոռուպցիոն ճահիճ, իսկ Պորոշենկոն՝ հին դարաշրջանի արտադրանք:









































