Սիրիայի կառավարական պատվիրակությունը Ժնև՝ միջսիրիական բանակցությունների նոր փուլին մասնակցելու կուղևորվի Ժողովրդական խորհրդի (խորհրդարան)՝ ապրիլի 13-ին կայանալիք ընտրություններից հետո: Այս մասին Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Մեքդադը հայտարարել է հարցազրույցի ժամանակ, որն ապրիլի 5-ին հաղորդել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ «բոլորը պետք է հարգեն Սիրիայի ժողովրդի կամքը»:
Դամասկոսի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, Ժնև կժամանի ապրիլի 14-ին:
Միջսիրիական անուղղակի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 14-24-ին:
Ազգային համակարգող կոմիտեն՝ Սիրիայի ներսում առաջատար ընդդիմադիր խումբը, հայտարարել է ապրիլի 13-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մասին: Նրա նախագահ Հասան Աբդել Ազիմը ներկայում ընտրությունների անցկացման որոշումը որակել է «սխալ քայլ»։
Ապրիլի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի Եվրոպայի բաժանմունքի մամուլի քարտուղար Ահմադ Ֆաուզին հայտարարել էր, որ Սիրիայի հիմնախնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ծրագրում է Ժնևում միջսիրիական բանակցությունները վերսկսել ապրիլի 11-ին, ինչպես և ծրագրված էր:








































