Լիտվայի ԱԳ նախարարությունը հորդորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական ուժի օգտագործումը: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրության սրվելու կապակցությամբ և խստիվ դատապարտել ռազմական ուժի կիրառումը:
«Լինաս Լինկյավիչուսը հորդորել է հակամարտության երկու կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական ուժի գործադրումը և կատարել հակամարտության լուծման խաղաղ եղանակներ գտնելու պարտավորությունները: Լիտվան աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ ղեկավարվելով ուժի չօգտագործման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիմնական սկզբունքներով»,-ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Լիտվայի ԱԳ նախարարությունը հորդորել էր Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ հակամարտության սաստկացումից:










































