Բելգիայի իշխանությունները Բրյուսելում ահաբեկչությունից մի քանի ամիս առաջ հայտնաբերել են կեղծ փաստաթղթեր, սակայն ոչ մի միջոց չէին ձեռնարկել՝ հայտնում է Sunday Times-ը:
Պարբերականի տեղեկատվությամբ՝ ոստիկանները հոկտեմբերին ռեյդ են անցկացրել Բրյուսելում կեղծ փաստաթղթերի արտադրության «ֆաբրիկայում», երբ փնտրում էին ԴԱԻՇ-ի երկու հավաքագրողների: Նրանք այդ ֆաբրիկայում այլ բաների հետ մեկտեղ գտել են նաև օդանավակայանում և մետրոյում ահաբեկչություն կատարած անձանց կեղծ փաստաթղթեր, սակայն այդ պահին իշխանությունները չեն կարողացել հաստատել նախատեսվող ահաբեկչության հետ կապը և չեն կանխարգելել ողբերգությունը:
Այդ ռեյդի ընթացքում ոստիկանները հայտնաբերել էին նաև այն մարդկանց լուսանկարները, ովքեր մեկ ամիս անց Փարիզում կատարեցին ահաբեկչություն:
Ահաբեկիչները կեղծ փաստաթղթերը օգտագործել են Եվրոպայով տեղաշարժվելու համար: Անձը հաստատող կեղծ վկայականը կարող էր արժենալ 500 եվրո: Որոշ հավելավճարով ֆաբրիկան կարող էր տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր, օրինակ՝ բանկային կամ ապահովագրական քարտեր:







































