Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ՝ փոխանցում է «Ազերթաջ»-ը։
Ալիևն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանում անցկացվում են բարեփոխումներ բոլոր ոլորտներում, ապահովված է մտքի, մամուլի, հավաքների, համացանցի ազատությունը։ Նա մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի դիրքորոշման մասին՝ կապված ԼՂ հակամարտության հետ՝ ընդգծելով դրա լուծման կարևորությունը։
Իլհամ Ալիևը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ որպես համանախագահող երկրի նախագահ, դիրքորոշումն առկա ստատուս քվոյի անթույլատրելիության մասին մեծ նշանակություն ունի։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ դերը բանակցային ուղով հակամարտության խաղաղ կարգավորման գործում կարևոր նշանակություն ունի։ Նա նշել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հետագա ուժեղացմամբ։
Զրույցի ժամանակ կողմերը հետաքրքրվածություն են հայտնել երկրների միջև ուժեղ և երկարաժամկետ համագործակցության հարցով։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։






































