Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իշխող «Վրացական երազանք» դաշինքից անկախ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտրություններին առանձին կմասնակցի նաև դաշինքի անդամ Հանրապետական կուսակցությունը։ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանք» դաշինքում ակտիվ խորհրդակցություններ են անցկացվել ընտրությունների մասնակցության ձևի մասին:
«Մենք կարծում ենք, որ դա ընդունելի ձև է, որ «Վրացական երազանքը» ընտրություններին գնա առանձին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել նաև Հանրապետական կուսակցությունը»,- ասել է նա։
«Վրացական երազանքի» փլուզման մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ իշխող դաշինքի անդամ՝ Արդյունաբերողների առաջնորդ Գոգի Տոպաձեն պաշտպանության նախարար, Հանրապետականների անդամ Թինա Խիդաշելուն մեղադրեց 2015 թվականի հոկտեմբերին Սագարեջոյի շրջանում միջանկյալ խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար։









































