Լուգանսկի մոտ ռուս լրագրողների սպանության գործով մեղավոր ճանաչված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոն կարող է փոխանակվել մի խումբ ռուսների, այդ թվում՝ ԱՄՆ-ում պատիժ կրող Վիկտոր Բուտի և Կոnստանտին Յարոշենկոյի հետ: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների:
«Ներկայումս խորհրդակցություններ են ընթանում, այդ թվում՝ գաղտնի ուղիներով, փոխանակման միջոցով Սավչենկոյի ազատ արձակման հնարավորության մասին: Ռուսական կողմն առաջարկել է իր համաքաղաքացիների ցանկը, որոնց հանձնելու դիմաց պատրաստ է ազատ արձակել ուկրաինացի նախկին զինծառայողին»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Նրա տեղեկությամբ՝ այդ ցուցակում են ԱՄՆ-ում երկար ժամանակով ազատազրկված ձեռնարկատեր Վիկտոր Բուտը և օդաչու Կոնստանտին Յարոշենկոն: «Նրանց մեջ կան նաև ռուսներ, որոնց գործունեությունը սովորաբար չի ներկայացվում»,- նշել է աղբյուրը:
Նշվում է, որ փոխանակման իրականացման համար առանձնակի արգելքներ չեն լինի, երբ Սավչենկոյի դատավճիռն ուժի մեջ մտնի:
Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության համար՝ դատապարտելով ընդհանուր ռեժիմի գաղութում 22 տարվա ազատազրկման և 30 հազար ռուբլի տուգանքի։ Դատարանը ապացուցված է համարել այն հանգամանքը, որ 2014 թվականի հունիսի 17-ին նա ուկրաինական օդային ուժերին է փոխանցել խաղաղ բնակչության կոորդինատները, որոնք էլ հետագայում օգտագործվել են հաուբից D-30-ով հրետանային հարվածներ իրականացնելու համար: Կրակահերթի հետևանքով զոհվել են լրագրողներ Իգոր Կորնելյուկը և Անտոն Վոլոշինը:
Սավչենկոն նաև մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության սահմանը ապօրինի հատելու համար:









































