Ամերիկյան Apple կորպորացիան կշարունակի ուժեղացնել իր սարքերում անձնական տվյալների պաշտպանության աստիճանը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտարարել են երկուշաբթի՝ մեկնաբանելով ԱՄՆ իշխանությունների դատական հայցի հետկանչը, որոնք Apple-ից պահանջում էին կոտրել դեկտեմբերի 3-ին Սան Բեռնարդինոյում (Կալիֆոռնիա) խաղաղ քաղաքացիների վրա հարձակման մասնակից Սաիդ Ֆարուկի iPhone-ը:
«Ամենասկզբից մենք դեմ էինք ՀԴԲ-ի պահանջին, որ Apple-ը «սողանցք» ստեղծեր iPhone-ի (ծրագրային ապահովման մեջ), քանի որ մենք կարծում էինք, որ դա ճիշտ չէ և վտանգավոր նախադեպ կստեղծի»,- ասվում է կորպորացիայի հաղորդագրության մեջ: Apple-ում նշել են, որ այդ գործն ի սկզբանե պետք չէր դատարան հասցնել»:
«Մենք կշարունակենք իրավապահ մարմիններին օգնել իրենց հետաքննություններում, ինչպես միշտ ենք արել, նաև կշարունակենք ուժեղացնել մեր արտադրանքի անվտանգությունը, քանի որ սպառնալիքները և անձնական տվյալների վրա հարձակումները գնալով ավելի հաճախադեպ և խորամանկ են դառնում»,- նշել են ընկերությունում:
«Apple-ը կարծում է, որ մարդիկ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում իրենց անձնական տվյալների պաշտպանության, անվտանգության և անձնական կյանքի իրավունք ունեն,- հայտարարել են կորպորացիայում:- Մեկը հանուն մյուսի զոհելով՝ դուք միայն մեծ ռիսկի եք ենթարկում մարդկանց և ամբողջ երկրներ»:
Երկուշաբթի ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատարանից հետ է կանչել Apple-ի դեմ իր հայցը:
Դատարան ուղարկված փաստաթղթում արդարադատության նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ «կառավարությունը հաջողությամբ հասանելիություն է ստացել Ֆարուկի iPhone-ի տվյալներին, ուստի Apple-ի օգնության կարիքը այլևս չունի»:












































