Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Էդ մարդը չեմ՝ ուրիշի կնգան բան ասեմ. համագյուղացուն խանդի հողի վրա դանակահարողը ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Դավիթ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Դատարանի կայացրած որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում և միջանցքում բուռն ուրախություն էր տիրում: Պայմանական դատապարտության ենթարկված ու կալանքից անհապաղ ազատ արձակված ամբաստանյալին հարազատները, հատկապես երկու դուստրերն ու որդին, գրկախառնություններից չէին ազատում: Ամբաստանյալի հարազատներն ուրախությունից համբույրներ տվեցին նաև նիստին ներկա լրագրողներին, դատարանի կարգադրիչներին, իսկ ամբաստանյալը հարազատների գիրկը նետվելուց առաջ երախտագիտությամբ սեղմեց երեք դատավորների՝ Մ. Արղամանյանի, Ռ. Պապոյանի, Ս. Չիչոյանի, իր շահերի պաշտպան Գևորգյանի ձեռքերը: Սա այն եզակի դեպքերից էր, երբ ամբաստանյալի հարազատները օրհնում էին նաև գործով մեղադրող դատախազ Սահակյանին…

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

49-ամյա Դավիթը, ում խնամքին չորս անձ կա՝ չորս երեխա, որոնցից մեկն անչափահաս է, մեղավոր է ճանաչվել տուժող համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն ու տուժողը, լինելով համագյուղացիներ, նախկինում մտերիմներ են եղել:

2011 թվականի հունվարին Դավիթ Մ.-ի կինը առանց որևէ պատճառաբանության հեռացել է ամուսնուց: Նա մերժել է ամուսնու խնդրանքները՝ վերադառնալ, շարունակել համատեղ կյանքը:

Դավիթ Մ.-ն կասկածել է, որ նախկին կնոջ ու տուժող Հ.-ի միջև սիրային կապ է եղել: Նա պահանջել է, որ Հ.-ն այլևս իր տուն չմտնի: Հ.-ն նրա տուն չի մտել, նրա հետ չի շփվել:

2015 թվականի ապրիլին Դավիթ Մ.-ի մայրը մահացել է: Թաղման արարողությանը մասնակցելու նպատակով շատ համագյուղացիների նման Հ.-ն էլ մտել է Դավիթ Մ.-ի հայրական տուն, բայց վերջինս, նրան տեսնելով, վռնդել է:

Մայիսի 25-ին, ժամը 14-ի սահմաններում Դավիթ Մ.-ն գնացել է գյուղամեջ, որ մեկնի հարևան գյուղ՝ թունաքիմիկատներ գնելու: Երբ նա կանգնած է եղել գյուղի կանգառում, Հ.-ն նույնպես հայտնվել է գյուղամիջում:

Դավիթ Մ.-ն խուսափել է Հ.-ի հետ հանդիպումից, գնացել է մոտակա տաղավարի մոտ, որտեղ համագյուղացի տղամարդիկ  թղթախաղով էին զբաղված:

Դավիթ Մ.-ն խառնվել է հավաքվածներին՝ հույս ունենալով, որ Հ.-ն չի նկատի իրեն, այդ կերպ ինքը կխուսափի հնարավոր խոսակցությունից ու ընդհարումից:

Հ.-ն, իր հերթին, նկատելով Դավիթ Մ.-ին, ցանկացել է պարզաբանում ստանալ, թե ինչն է իրենց հարաբերությունների վատացման իրական պատճառը:

Նա մոտեցել է տաղավարին, 2-3 մետր հեռավորությունից դիմել է Դավիթ Մ.-ին, որ առանձնանան ու խոսեն: Դավիթ Մ.-ն չի ցանկացել նրա հետ առանձնանալ:

Հ.-ն կոպիտ տոնով է խոսել:

Դավիթ Մ.-ն, ըստ դատական ակտի՝ «վրեժի շարժառիթով» հանել է իր մոտ եղած դանակը, հարձակվել է տուժողի վրա, դանակով մեկ հարված է հասցրել նրա որովայնին՝ պատճառելով որովայնի առաջնային մակերեսի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ստամոքսի պատի ու լյարդի վնասումով:

Հավաքվածները ուշացումով, բայց՝ միջամտել են, թույլ չեն տվել, որ կռիվը շարունակվի:

Տուժողին տեղափոխել են գյուղական ամբուլատորիա, ապա՝ մարզային հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:

Ամբաստանյալ Դավիթ Մ.-ն հայտնել է, որ երբ իր կինը առանց որևէ պատճառաբանության հեռացել է իրենից, բաժանվել է, ինքը փորձել է պարզել նրա հեռանալու իրական պատճառը:

Իր դուստրերը պատմել են, որ հեռանալուց առաջ մայրը նրանց ասել է, թե դեռևս 2008 թվականին, երբ տանը մենակ է եղել, իրենց գոմի դիմաց Հ.-ն դուրս է եկել իր առաջ, բռնել է իր ձեռքից: Կինը սրանից ավել՝ ոչինչ չի ասել աղջիկներին, ասել է՝ դուք փոքր եք, չեք հասկանա, բայց ձեր հայրը կհասկանա…

Դավիթ Մ.-ն էլ այդ սուղ տեղեկատվությունից հասկացել է, որ նախկին կնոջ ու համագյուղացի Հ.-ի միջև կապ է եղել կամ Հ.-ի կողմից անպարկեշտ բան է արվել: Դրա հիման վրա նա կասկածել է Հ.-ին, պահանջել է այլևս իր տուն չմտնել:

Երբ Դավիթի մայրը մահացել է, Հ.-ն գնացել է ցավակցելու, Դավիթը նրան վռնդել է: Իսկ հետագայում պարզապես խուսափել է նրա հետ հանդիպումներից՝ մտածելով, թե նա իրենից հաշիվ կպահանջի կամ կռիվ կանի իր հետ:

Ըստ Դավիթի՝ մայիսի 25-ին գյուղամիջում Հ.-ին տեսնելով՝ ինքը փորձել է խառնվել հավաքվածներին, որ Հ.-ից աննկատ մնա: Բայց Հ.-ն իրեն տեսել, մոտեցել է ու պահանջել է, որ առանձնանան ու խոսեն:

Ինքը հրաժարվել է:

Հ.-ն գոտկատեղից դանակ է հանել ու մետաղե պարան՝ «տրոս», և հարձակվել է իր վրա:

Պաշտպանվելու համար ինքը ոտքով խփել է Հ.-ի ձեռքին: Դանակն ընկել է գետնին:

Բայց Հ.-ն շարունակել է հարձակվել, նա հարվածներ է հասցրել «տրոսով»: Այդ հարվածներից պաշտպանվելու համար ինքը կռացել է, գետնից վերցրել է Հ.-ի դանակը, պահել է նրա ուղղությամբ: Դա էլ Հ.-ին հետ չի պահել, նա շարունակել է հարվածներ հասցնել, այդ ժամանակ էլ դանակը դիպել է նրան:

Ինքը չի էլ նկատել, թե նրա մարմնի որ մասին է դիպել դանակը: Հավաքվածներն արագ մոտեցել ու իրենց բաժանել են: Մեկն իր ձեռքից վերցրել է դանակը:

Ըստ Դավիթ Մ.-ի՝ Հ.-ն է նախահարձակ եղել, ինքը նրան հարվածել է ինքնապաշտպանության նկատառումով:

Դեպքը սկսվելու պահից ինքը գտնվել է շոկային վիճակում, չի հիշում ոչինչ:

Դատարանում, իրեն մեղավոր ճանաչելով, Դավիթ Մ.-ն ասել է, թե չի ցանկացել, որ այդպես լինի: Ստիպված է եղել պաշտպանվել, խուսափել բախումից:

Սկզբում տուժողն է հարձակվել, հայհոյել է իրեն: Ինքը փորձել է փախչել, նա «լարվել է» իր հետևից: Ինքը միշտ վախեցել է նրանից, քանի որ նա վատ ձևով է մոտեցել իրեն, նա «նամարդ է և անմաքուր»… Նրա մոտ դանակ է եղել ու «տրոս»: Նա միշտ դանակ է ունեցել մոտը, ձեռքով իր դեմ չէր կարող… Այդ օրը նա սադրել է, առաջինը հարձակվել իր վրա, նրա գործողություններն անօրինական են եղել: Հետո իրենք «բարիշել», ձեռք ձեռքի են տվել: Ինքը զղջում է կատարածի համար…

Վերաքննիչ դատարանում Դավիթն ասաց, որ տուժողին հարվածել է իր մոտ եղած դանակով, բայց դա արել է վախից ու պաշտպանվելու ցանկությունից…

Տուժող Հ.-ն հայտնել է, որ կնոջ հեռանալուց հետո Դավիթ Մ.-ն սուտ լուրեր է տարածել գյուղում, իբր ինքը սիրային կապի մեջ է եղել նրա կնոջ հետ: Դա սուտ է, նման բան չի եղել: Ինքը մի քանի անգամ փորձել է Դավիթից պարզել սուտ լուրեր տարածելու պատճառը, բայց նա խուսափել է իրենից…

Դեպքի օրը, գյուղամիջում հանդիպելով Դավիթ Մ.-ին, ինքը ցանկացել է պարզաբանում ստանալ: Նա չի ցանկացել առանձնանալ ու խոսել իր հետ: Իսկ երբ ինքը պնդել է պահանջը, նա գուլպայի միջից հանել է դանակը ու հարձակվել է իր վրա:

Իրենք քաշքշել են միմյանց, և Դավիթ Մ.-ն դանակով մեկ անգամ հարվածել է իր որովայնին: Սկզբում ինքը չի հասկացել, որ վնասվել է, միայն զգացել է, որ որովայնը տաքացել է: Երբ համագյուղացիներն իրենց բաժանել են, իրեն մի կողմ են տարել, տեսել է, որ արնահոսում է…

Տուժողն ամբաստանյալին քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Այս գործով մեղադրողը միջնորդել էր Դավիթ Մ.-ին մեղավոր ճանաչել, դատապարտել ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան:

Ընդհանուր իրավասության դատարանը դատախազի միջնորդությունը երևի ակնհայտ մեղմ համարելով՝ պայմանական դատապարտություն չէր կիրառել:

Դավիթ Մ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և վերջին հաշվով դատապարտվել էր 3 տարի 11 ամիս 15 օր ժամկետով:

Ավելին, ազատության մեջ գտնվող Դավիթ Մ.-ն կալանքի տակ էր առնվել հենց դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակումից անմիջապես հետո:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ինչպես ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գևորգյանը, այնպես էլ մեղադրող դատախազ Սահակյանը: Եվ երկուսն էլ նույն պահանջով էին բողոք բերել՝ պայմանական դատապարտություն կիրառել ու իրական ազատազրկման չդատապարտել Դավիթին:

Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչված, այն էլ՝ սուր կտրող-ծակող գործիքո՛վ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցրած չափահաս  անձի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառման խնդրանքով մեղադրանքի կողմը վերաքննիչ բողոք չափազանց հազվադեպ կարող է բերել: Ահա սա այդ հազվադեպ գործերից է, ուրեմն:

Վերաքննիչ քրեական դատարանի միջանցքը այս նիստին ևս լի էր մարդկանցով. ամբաստանյալի հարազատներն էին, համագյուղացիներ:

Ամբաստանյալի չորս երեխաներից երեքը նորից դատարանում էին: Դավիթի երկվորյակ տղաներից մեկը արդեն զորակոչվել է բանակ, զինծառայության մեջ է, իսկ մյուս որդուն առողջական խնդիրների պատճառով տարկետում է տրվել:

Դավիթի մի դուստրը նոր է չափահաս դարձել, մյուս դուստրը դեռ դպրոցական է:

Դատարան ներկայացած երկու դուստրերը դարձյալ հոնգուր-հոնգուր արտասվում էին հոր համար, իսկ երբ ամբաստանյալին ուղեկցողները դահլիճ բերեցին, աղջիկներն ինքնաբուխ նետվեցին հոր գիրկը:

Այս ընտանիքն ապրում է սոցիալական շատ ծանր պայմաններում, մետաղե «դոմիկի» մեջ՝ գյուղի ծայրամասում, ցրտի ու քամիների «բերանում»:

Աղջիկները նորից իրենց գյուղից երևանյան դատարան էին եկել… հողաթափերով:

Դավիթի դուստրերը խիստ հիվանդագին են արձագանքել հայրիկին հենց դատարանի դահլիճում կալանքի վերցնելու փաստին, աղջիկներից մեկը նույնիսկ ինքնասպանության փորձ է կատարել…

Դավիթը երկու կին է ունեցել: Չորս երեխաների մայրը, օրերից մի օր չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, կանչել է հորը, չորս երեխաներին թողել է Դավիթի մոտ ու հայրական տուն է գնացել: Դրանից հետո այդ կինը իր երեխաներին չի հանդիպել, նրանց որևէ կերպ չի աջակցել:

Չորս երեխաները մնացել են Դավիթի խնամքին:

2003 թվականին Դավիթն իր տնակ է բերել երկրորդ կնոջը՝ Շիրակի մարզից: Այս կինը համակերպվել, Դավիթին ու նրա չորս երեխաներին խնամել է մինչև 2008 թվականը: Հետո նա հանկարծ, առանց ամուսնուն բացատրություն տալու՝ հեռացել է, գնացել է իր հայրական տուն:

Դավիթը գնացել, խնդրել-աղաչել է, որ կինը հետ գա: Կինը վերադարձել է: Համատեղ ապրել են ևս երկու տարի:

Բայց 2011 թվականին այս կինն էլ, մշուշոտ ակնարկներ անելով հարևան Հ.-ի վարքագծի վերաբերյալ, հեռացել ու այլևս չի ցանկացել վերադառնալ:

Երկու կանանց հեռացումը, իհարկե, հոգեբանական վերքեր է թողել ոչ միայն Դավիթի, այլ առաջին հերթին՝ բոլոր չորս երեխաների հոգիներում:

Հոր կալանավորումից հետո երեխաները մնացել են անօգնական՝ բոլորովին անպաշտպան զգալով իրենց ու անպատրաստ լինելով նման իրավիճակին:

Իր կանանց տարօրինակ հեռացումներից բարդույթավորվել է նաև ինքը՝ Դավիթը: Իր ուսերին առնելով չորս երեխաների հոգսը, հողագործությամբ զբաղվելով ու տնակային ծանր պայմաններում՝ առանց կենցաղային հարմարությունների ապրելով, մի կերպ ծայրը ծայրին հասցնելով՝ նա ևս կարող էր ուրիշների մեջ փնտրել հատկապես երկրորդ կնոջ հեռացման մեղավորությունը:

Դեպքի պահին տուժողին հանդիպելով գյուղամիջում ու զգալով, որ նա պարզաբանում է պահանջելու՝ Դավիթը, ըստ գործի տվյալների, փորձել է թաքնվել  հավաքված մարդկանց արանքներում, խառնվել ամբոխին: Երբ արդեն խուսափելու տեղ չի ունեցել, Հ.-ի հետ մնացել է դեմ-հանդիման, բացատրություն չի տվել կամ բացատրություն չի պահանջել: Նա գուլպայի միջից դանակ է հանել: Տուժողն էլ, ինչպես ասաց վերաքննիչ դատարանում, ձեռքն է առել մոտակայքում ընկած մի «ռեմեն»:

Առաջինը տուժողն է «ռեմենով» հարվածել: Հետո դանակով տուժողին մեկ հարված է հասցրել Դավիթը:

Ոչ մեկի վիճակն էլ չի լավացել այս «մենամարտից» հետո:  Իսկ ամենացավալին այն է, որ չորս երեխաները նոր հոգեբանական տրավմա են ստացել, նոր սթրես են ապրել:

Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ չորս երեխաների խնամքը կրող, չքավոր պայմաններում ապրող  ամբաստանյալին դատարանի դահլիճում կալանքի տակ առնելու վերաբերյալ, իրոք, անհասկանալիորեն խիստ էր…

Ամբաստանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու անհրաժեշտության մասին վերաքննիչ դատարանում ոչ միայն ամբաստանյալի շահերի պաշտպանը, այլև մեղադրող դատախազն է խոսել: Երկուսն էլ միահամուռ խնդրել են պատժի մասով փոփոխել դատավճիռը, ամբաստանյալին իրական ազատազրկման չդատապարտել, կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:

Նույնն է խնդրել նաև տուժողը:

Դեպքի վերաբերյալ տուժողը վերաքննիչ դատարանում ասել է. «Երբեք ես իրա կնոջը դաժե ձեռով չեմ բարևել, նրան հարգել եմ որպես իմ աղջկա: Այ ձեր ցավը տանեմ ես, ի՞նչ իմանամ՝ կինը ինչի ա հեռացել Դավիթից… Ես էդ մարդը չեմ, որ ուրիշի կնգան բան ասեմ, հորս գերեզման՝ ես էդ կնոջը իմ աղջկա պես եմ հարգել… Խնդրում եմ, չորս երեխա ունի ամբաստանյալը, թողեք, թող գնա իրա էրեխեքին պահի, հնարավորություն տվեք էս մարդուն…»:

Պաշտպանական կողմն իր բողոքում մատնանշել էր, որ ամբաստանյալի որդին առողջական խնդիրներ ունի, մեղադրողն էլ նշել էր, թե ամբաստանյալի կրտսեր դուստրը նույնպես ունի առողջական խնդիրներ:

Վերաքննիչ դատարան ներկայացվեցին փաստաթղթեր, որոնք հիմնավորեցին ինչպես Դավիթի երեխաների ունեցած առողջական խնդիրները, այնպես էլ նրա ընտանիքի՝ ծանր սոցիալական վիճակում գտնվելը:

Հարազատներն ասացին, թե Դավիթը բազմանդամ ընտանիքից է՝ տասներկու երեխա է եղել նրանց ընտանիքում: Դավիթի քույրերն ու եղբայրներն էլ ծանր պայմաններում ապրող մարդիկ են: Բայց դատարանի դիտողությանը՝ թե բոլոր հարազատներով հավաքվելով՝ կարող էին գոնե այս ընտանիքի մետաղե «դոմիկը» քարով երեսապատել և այդ կերպ փոքր-ինչ պաշտպանել ցրտից ու շոգից, հավանաբար՝ ի կատար կածվի առաջիկայում:

Վերաքննիչ դատարանը երկար չմնաց խորհրդակցական սենյակում:

Բերված վերաքննիչ բողոքները բավարարվեցին:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով փոփոխվեց: Դավիթ Մ.-ն դատապարտվեց 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց ու սահմանվեց 4 տարի փորձաշրջան:

Դավիթն անհապաղ ազատվեց կալանքից, իսկ դահլիճում ներկա նրա հարազատները ծափահարում ու արտասվում էին միահամուռ…  Մնում է՝ այդպես միահամուռ էլ օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին, իսկ ընտանիքի հայրասեր զավակները սովորեն ինքնուրույն ապրել ու հաղթահարել դժվարությունները, որոնք նրանց կյանքում դեռ շատ են լինելու…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում