ԵՄ երկրների տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության դեպքերի թիվը 2015 թվականին ավելացել է 14 տարում առաջին անգամ։ Այս մասին հայտնում է Die Welt-ը, որի տրամադրության տակ է հայտնվել դեռևս չներկայացված Եվրահանձնաժողովի զեկույցը։
Համաձայն վիճակագրության՝ 2015 թվականին միության անդամ երկրների ճանապարհներին տեղի ունեցած վթարներում զոհվել է 26 հազար մարդ՝ 300-ով ավելի, քան 2014-ին։ Համեմատության համար նշենք, որ 2001 թվականին ԵՄ-ում վթարները խլել են 54 հազար մարդու կյանք։ Այդ ժամանակվանից ի վեր վիճակագրությունը նվազել է մինչև 2014 թվականը։
Ճանապարհներին անվտանգության հետ կապված իրավիճակն ամենավատն է Ռումինիայում, Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվայում և Խորվաթիայում՝ 1 մլն մարդու հաշվով 82-95 մահվան դեպք։ Մահվան ելքով ամենից քիչ ՃՏՊ-ները տեղի են ունեցել Մալթայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և Դանիայում՝ 1 մլն մարդու հաշվով 26-30 դեպք։
2010 թվականին ԵՄ-ն համաձայնեցրել է 2020 թվականին ՃՏՊ-ներում մահացությունը կրկնակի կրճատման ծրագիր։ Այդ պահին մահացությունը տարեկան կազմել է 31.5 հազար մարդ։ Այդ ժամանակվանից հաջողվել է մահացության թիվը կրճատել 15 տոկոսով։












































