Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել հնարավորինս արագ լքել Թուրքիան՝ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ բարձրացնելով Թուրքիայում ահաբեկչական վտանգի գնահատականը։
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդին կից Հակաահաբեկչական բյուրոն այդ խորհուրդը բացատրել է ԴԱԻՇ-ի կողմից զբոսաշրջային օբյեկտների վրա նոր հարձակումների սպառնալիքով։
10 օր առաջ ԴԱԻՇ-ի հետ կապված մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Ստամբուլի կենտրոնում։ Դրա հետևանքով զոհվել է Իսրայելի 3 քաղաքացի։ Գերատեսչության հաղորդագրությունում նշված է, որ Թուրքիայում առկա ահաբեկչական կառույցները ողջ երկրում նոր հարձակումներ են պատրաստում զբոսաշրջային թիրախների դեմ, ներառյալ իսրայելցի զբոսաշրջիկներին։






































