Այսօր երեք հրթիռ է պայթել Քաբուլում՝ Աֆղանստանի խորհրդարանի նոր շենքի մոտ: Դրանցից մեկն ընկել է օրենսդիր ժողովի համալիրի բակում։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ականատեսների հաղորդմամբ՝ շենքի բակից սև ծուխ է բարձրանում։ Նախնական տվյալներով՝ խորհրդարանական համալիրի ներսում ոչ ոք չի տուժել։
Այն պահին, երբ տեղի է ունեցել հարձակումը, աֆղանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հանդիպում են անցկացրել օրենսդիր մարմնի շենքում։
Հակակառավարական խմբավորումներից դեռևս ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։












































