Հայաստանում գործող ձկնային տնտեսությունները օր օրի սնանկանում և փակվում են։ Տնտեսվարողների խոսքով՝ պատճառը նույն դաշտում խաղացող խոշորներն են ու ռուսական շուկայում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակը, իսկ ոլորտի պատասխանատուների պնդմամբ՝ տնտեսվարողների վարած սխալ քաղաքականությունը։ Ամեն դեպքում իրավիճակն այնպիսին է, որ հատկապես Արարատյան դաշտում տեղակայված փոքր ու միջին լճերը փակվում են, խոշորները, որոնք չունեն պետական աջակցություն և հովանավոր, կրկին կանգնում են նույն վտանգի առաջ։ Զորօրինակ՝ «Յունիֆիշ» ընկերությունը, որը դաշտում ամենախոշորներից էր համարվում, սնանկացավ, և հիմա այնպիսի վիճակ է, որ աճուրդի է հանվել, բայց անգամ գնորդ չկա։ Իսկ ֆինանսական պարտավորությունները տարբեր տնտեսվարողների և բանկերի առաջ շարունակում են աճել։ Սեփականատեր Արմեն Մկրտչյանն էլ, չդիմանալով առաջացած խնդիրների ծանրությանը, լքել է Հայաստանը՝ ձկներին և ընկերությունը թողնելով բախտի քմահաճույքին։
Հայաստանյան տնտեսվարողների արտադրանքը Ռուսաստանի Դաշնությունում իրացնելու աշխատանքներով զբաղված գործարար, ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն, Անդրանիկ Նիկողոսյանը ոլորտում առկա խնդիրները պայմանավորում է տնտեսվարողների կողմից աշխատանքները ոչ գրագետ կազմակերպելով։ Նրա խոսքով՝ տնտեսվարողները նախ պետք է շուկան գտնեն, նոր արտադրություն կազմակերպեն, որպեսզի իրացնել չկարողանալու դեպքում փաստի առաջ չկանգնեն։
«Քանի որ մեր տնտեսվարողները շարունակական շուկա չունեն, վիճակը խառնվել է իրար։ Դրա համար չեն կարողսանում իրացնել իրենց ապրանքը ու ստիպված փակում են ընկերությունները։ Սա է խնդիրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նիկողոսյանը՝ հավելելով, որ արդարացված չեն տնտեսվարողների այն պնդումները, թե հիմնական խնդիրները կապված են ռուբլու արժեզրկման հետ։ «Հակառակը, չեմ կարծում, որ ռուբլու արժեզրկումը կապված է Հայաստանից ձկան արտահանման ծավալներրի կրճատման հետ, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը տարեկան միլիոն տոննայից ավելի ձկնամթերք ներկրում էր Թուրքիայից և եվրոպական երկրներից։ Հիմա այդ ծավալը չկա, և Հայաստանը, հակառակը, պետք է շատ արագ կողմնորոշվեր և դաշտը, այդ բացը լրացներ, ճիշտ կառույցների հետ համագործակցեր, որպեսզի կարողանար ստաբիլ շուկա ապահովեր։ Հիմա ռուսական շուկան առավել քան երբևէ բաց է Հայաստանի համար, մենք պատրաստ ենք օժանդակել տնտեսվարողներին, կազմակերպել իրացում։ Ռուսաստանը անսահմանափակ շուկա է»։
Ձկան արտադրությամբ զբաղվող և արդեն երկու ամիս արտադրությունը դադարեցրած «Արարատ իշխան» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մանուկյանը հակադարձում է Նիկողոսյանին. երկու ամիս է՝ արտադրանքը ռուսական շուկայում չեն կարողանում իրացնել։ «Ապրանք չեն ուզում, չգիտեմ ինչ է եղել, կամ էլ այնպիսի գներով են ուզում, որ մեզ ձեռնտու չէ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ պատճառներից մեկն էլ այն է, որ նախկինում ռուսները թուրքերից մի քանի անգամ էժան գնով են ձուկ ներկրել, թուրքերը մի քանի անգամ էժան են ապրանքը տվել ռուսներին, դրա համար էլ, հիմա, երբ որ Թուրքիայից ձուկ այլևս չի արտահանվում ՌԴ, ռուսները փորձում են Հայաստանից առավել մատչելի ճանապարհով ներկրում կազմակերպել։ «Բայց դա մեզ ձեռնտու չէ, մենք ավելի շատ գումար ենք ծախսում արտադրությունը կազմակերպելու համար ու եթե ռուսների ուզած գնով տանք, կստացվի, որ ինքնարժեքից էլ ցածր գնով ենք իրացնում, ու մեր գործն անիմաստ կդառնա»,- ասաց Ա. Մանուկյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում այս տարի նաև ռուբլու կուրսի կայունացմամբ պայմանավորված՝ մեծ սպասելիքներ կան, և հիմա կոնկերտ ինքը զբաղված է Ռուսաստանում նոր, կայուն շուկաների փնտրտուքով։
Կայուն շուկաներ փնտրել և պահել կարողանալու համար Անդրանիկ Նիկողոսյանը կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել մի կառույց, կոմպետենտ մարդկանցով համալրված, կառավարության, բայց ոչ կառավարության ղեկավարի կողքին և հարցին լուրջ մոտեցում ցուցաբերելով՝ շուկան ընդլայնել։ «Հստակ կոնկրետ ձևակերպված խումբ է պետք, որը ցանկություն ունի այդ բիզնեսը ընդլայնելու։ Այդ պարագայում ես էլ եմ պատրաստ իմ ամբողջ ներուժը կենտրոնացնել այստեղ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Միայն ասեմ, որ տարեկան մոտ 6000 տոննա ձուկ է արտահանվում Ռուսաստան, այն դեպքում, երբ Ռուսաստանը տարեկան 1.5 միլիոն տոննայի պահանջարկ ունի։ Եվ եթե այդ 1.5 միլիոն տոննայի 0,5 տոկոսն էլ Հայաստանը կարողանա ապահովել, Հայաստանում տասնյակ նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Պարզապես լուրջ մոտեցում է պետք այս բնագավառին, այլ ոչ թե այս գործով պետք է զբաղվեն մարդիկ, որոնք ուրիշ բիզնես են անում, պատգամավոր են, ու ձեռի հետ էլ մի քանի հատ էլ ձկնային տնտեսություններ ունեն։ Նման պարագայում Ռուսաստանը մեղք չունի։ Հայկական ձուկը միշտ պահանջված է Ռուսաստանում, պետք է տեսնել, թե խնդիրնրը որտեղ են»,- նկատեց Նիկողոսյանը՝ հավելելով, որ եթե վիճակն այսպես պահպանվի, ապա տասնյակ տարիների ընթացքում, մեծ ջանքերի արդյունքում ստեղծված տնտեսությունները մեկ օրում կփակվեն, և առնվազն մեկ տարի հետո ձկնահորերը կփակվեն, ու դրանց տեղում, ասենք, արոտավայրեր կլինեն։ «Մենք օր առաջ պետք է անցնենք հստակ, ծրագրված աշխատանքի»,- եզրափակեց Նիկողոսյանը։










































